ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ: Հայտնաբերվել է  մասնավորապես`  82 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված, 2.49 գրամ  «Կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգված, ինչպես նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի  զանգվածների պարունակությամբ  5 հատ դեղապարկուճ, որոնք թաքցված են եղել նշված առաքանու մեջ առկա տարբեր առարկաների մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մի շարք անհետաձգելի` մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի փոստային բաժանմունքներից  մեկում, վերոնշյալ առաքանին ստանալուց հետո, բռնվել և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Տ.Հ-ն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները  տվյալ քաղաքացուն  առնչվող մի շարք հասցեներում կատարել են խուզարկություններ:

Փաստի առթիվ  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան (267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ) հոդվածների համաձայն՝  նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է  քրեական գործ, որի շրջանակում քաղաքացին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:

Ծանութցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել