Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,-նշեց նա։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-նշվել է հայտարարությունում: