Առաջարկվում է ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը սկսել մինչև պաշտոնի թափուր մնալը

Օրենքի նախագծի նպատակն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության նախագիծը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ ինքնավար մարմինների անդամների տեղերը ժամանակավոր թափուր են մնում, կամ պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո որոշակի ժամանակ է պետք լինում, մինչեւ ԱԺ-ի կողմից նոր անդամի ընտրությունը, եւ անբավարար թվի պաատճառով խաթարվում են մարմնի աշխատանքները:

Գեղամ Գեւորգյանը հիշեցրել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով այդ խնդիրն ԱԺ-ն լուծել էր, բայց նշել է, որ կան նաեւ այլ մարմիններ, որոնցում առկա են նման խնդիրներ:

Նրա խոսքով, երբ «Տնտեսական մրցակցության պաշտապանության հանձնաժողովի մասին» օրենքում նման փոփոխություն էր արվել, որոշվել էր, որ նման կարգավորումներ պետք է արվեն նաեւ համապարփակ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ընտրվել է ինքնավար մարմինների ձեւավորման մի մոդել, որի պարագայում տվյալ մարմնի ընտրությունները պետք է տեղի ունենան տվյալ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածում, որպեսզի նրա պաշտոնավարման ավարտից հետո հնարավորություն լինի անմիջապես համալրել այդ պաշտոնը նոր անդամով:

«Փոփոխության իմաստն այն է, որ ինքնավար մարմիններն ԱԺ-ին տեղեկացնում են, որ որոշակի ժամանակահատված հետո լրանում է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը, եւ ԱԺ-ն համապատասխան մարմիններին տեղյակ է պահում, որ որոշակի ժամանակահատվածում պետք է առաջադրումներ կատարեն: Նախագծով առաջարկվում է նաեւ մի շարք հոդվածներից հանել «թափուր» բառը, ինչն ավելի ճկուն կդարձնի եւ՛ կանոնակարգը, եւ՛ մեր գործողությունները»,- բացատրել է հանձնաժողովի նախագահը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանադրական է, եւ այն չպետք է ծանրաբեռնել ոլորտային օրենքների կարգավորումներով:

«Նախագիծն ինքնին խնդիր չի առաջացնի նաեւ այս տրամաբանությամբ»,- ասել է պատգամավորը: Քննարկման արդյունքում հանձնաժողովականներն օրինագծին տվել են դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել