Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այդ տեսանյութն արձանագրվել է դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում, ուսումնասիրվել:
Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ընդդիմության ներկայացուցիչների կողմից Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանին կից տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցների կողմից ներկվել է և «վերածվել ՀՀ դրոշի»։
Ավելի ուշ Բևեռը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ նրանց աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը։
«Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։
Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»,-նշվում է հայտարարության մեջ։