Մայրաքաղաք Երևանի կենտրենում (ասում են՝ բևեռականները) պղծել են Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մեր պատմության, մեր հիշատակների, մեր նվիրումի, զոհաբերությունների, հաղթանակների և նաև մեր հավաքական ապագայի նկատմամբ ավելի պիղծ, ավելի դավաճանական դրսևորում դժվար է պատկերացնել։
Սա անգամ դեգրադացիա չէ, սա քաղաքական պայքար չէ, սա հոգեխանգարվածի ակցիա էլ չէ։ Ստորաքարշ ուրացում է, ինքնասպանություն, Ալիև- Էրդողան իղձերի մանկուրտական հաճկատարություն․․․
Անգամ վարձկանը մի պահ կմտածեր, կկշռեր իր արարքի եղկելիության աստիճանը․․․
Ձեզ տրոյական ձի ասելն իսկ մեղմ է․․․
Մեր բազմաչարչար հողն ինչպե՜ս է տանում այսքան ստորություն․․․»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ընդդիմության ներկայացուցիչների կողմից Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանին կից տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցների կողմից ներկվել է և «վերածվել ՀՀ դրոշի»։
Ավելի ուշ Բևեռը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ նրանց աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը։
«Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։
Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»,-նշվում է հայտարարության մեջ։