Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում ապրիլի 1-ից գործարկվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի այն պատասխանատուներին, ովքեր ապահովեցին համակարգի լիարժեք ներդրումը քաղաքապետարանում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, որը միանշանակ տալիս է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացման, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորություն: Այսուհետ բոլոր հանձնարարականները լինելու են «Mulberry»-ով, այն, ինչ-որ թղթային տարբերակով դեռ մնացել է, իհարկե, դրանք ավարտին կհասցնենք: Սա հիմնարար փոփոխություն է, և, միանշանակ, տալու է արդյունքներ ու նպաստելու է քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը»,- ընդգծել է քաղաքապետը: