«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ըստ հավաստի տեղեկությունների, Արցախում ոչ հրապարակային կերպով ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով։
Այս դավաճանությունը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ և, բնականաբար, Փաշինյանի վարչակազմի համաձայնությամբ։
Դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին և հորդորում ամեն գնով ու կերպով խափանել այս հակապետական ու հակահայ գործողությունը։
Զգուշացնում ենք նաև, որ դավաճանական ստորագրահավաքը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արցախաբնակ հայության ցեղասպանության և Արցախի վերջնական հայաթափման համար։
Արցախում բնակվող սիրելի’ հայրենակիցներ
Մենք չենք հավատում, որ մի խումբ տականքներ կարող են մոլորեցնել ձեզ և մոռացության և ուրացման մատնել Հայաստանին վերամիանալու նպատակով 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը, հանուն դրա իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մարտիկների և պատերազմների անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, համայն հայության նվիրական իղձն ու տառապանքը։
Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին և կորցրած Հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը»,- նշված է հայտարարության մեջ։