Մենք վերահաստատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մաիոյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր մենք քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Ես  ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը։

Ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Ես կրկին վերահաստատել եմ  Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Միրզոյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել