Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Սարուխանյանի և Ռուդոլֆ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ռուբեն Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 31549 զորամասի երաժշտական դասակի ժամկետային զինծառայող, կոչումով սերժանտ, վիճաբանել է համածառայակից, շարքային Գրիգոր Գևորգյանի հետ՝ ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ քաշքշել և Գ.Գևորգյանի առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Ռուդոլֆ Հայրապետյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 31549 զորամասի երաժշտական դասակի ժամկետային զինծառայող, կոչումով սերժանտ, վիճաբանել է համածառայակից, սերժանտ Արմեն Կարճյանի հետ՝ ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ քաշքշել և Ա.Կարճյանի առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Գործով մեղադրյալներ Ռուբեն Սարուխանյանի և Ռուդոլֆ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359 –րդ հոդվածի 1-ին մասի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: