Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համալսարանական երկարատև բեղմնավոր գործունեության համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ ոսկե մեդալով եմ պարգևատրել ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ժորա Աչոյանին:
Մեծ է պարոն Աչոյանի ներդրումը մեր երկրի համար առաջնային ուղղություններից մեկի՝ մելիորատիվ ջրաերկրաբանության զարգացման և մասնագետների պատրաստման գործում:
Գիտամանկավարժական արդյունավետ գործունեությունից զատ՝ սիրված դասախոսն իր նվիրական մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանում ջրամբարների կառուցման գործում:
Պարո՛ն Աչոյան, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում քաջառողջություն։ Շարունակեք նույն եռանդով և ավյունով իրականացնել Ձեր գործունեությունը` ի բարօրություն մեր բուհի և երկրի»։