Անցած տարվա ընթացքում քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը, գրանցվել է 268 հանցագործության դեպք։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեպքերից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է, 16-ը կասեցվել է, իսկ 101-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 20-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։
Այս տարի, նույն հոդվածի հատկանիշներով, գրանցվել է 240 հանցագործության դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ը գտնվում է ընթացքի մեջ. գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ։
«Ընթացակարգերը հետևյալն են՝ այն անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանություն կամ ցանկացած իրավապահ մարմին։
Ոստիկանության կողմից ուսումնասիրվում են հնարավոր միջոցները որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում նաև, լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկատվությունը», – ներկայացրեց Ֆիդանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքները ինչպե՞ս են հասնում ոստիկանություն։
«Ոստիկանության ցանկացած աշխատակից, որը կտեսնի հանցագործության վերաբերյալ կոնկրետ իրավիճակ, կարող է համապատասխան ընթացք տալ»,-նշեց Ֆիդանյանը։