Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով. ոստիկանություն

2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որը ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Հարցաշարի հարցերի ավելացումը նպատակ ունի հնարավորինս բացառել տարբեր հարցատոմսերում նույն հարցի կրկնությունը։ Խնդիր էր նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների կողմից հարցերին մեխանիկորեն պատասխանելը։ Հաճախ էին դեպքերը, երբ քաղաքացին պարզապես հարցերի պատասխանները սերտած, հիմնվելով տեսողական կամ լավ հիշողության վրա, հավաքում էր տեսական քննության դրական միավորներ, բայց ձախողում էր գործնական քննությունը, որն անցկացվում էր նույն կանոնների շրջանակում, սակայն իրական պայմաններում։

Նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում են։ Հարցաշարերը հասանելի են հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն ։ Նոր հարցաշարերի գործարկմամբ քննությունները կանցկացվեն ապրիլի 11-ից։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հերթագրման հայտ ուղարկեն roadpolice.am կայքի միջոցով։ Նրանք պետք է ՃՈ հաշվառման և քննական ստորաբաժանում ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ: Փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները՝ ժամանակավոր ապաստանի վկայական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել