Ապրիլին Շիրակի և Լոռու մարզերում կգործարկվի Պարեկային ոստիկանության ծառայությունը

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Որոշման նպատակը Լոռու և Շիրակի մարզերում Պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կահավորումն է:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ներկայացնելով նախագիծը, զեկուցել է, որ նախատեսվում է ՀՀ ոստիկանության հատկացումներին ավելացնել 2 մլրդ 35 մլն 100 հազար դրամ, որից 289 մլն 900 հազար դրամը՝ Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող Պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմոբիլի ձեռքբերման, 67 մլն 200 հազար դրամը՝ պարեկային ավտոմոբիլների կահավորման, 1 մլրդ 670 մլն 100 հազար դրամը՝ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Միաժամանակ, պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի մարտի 1-ի փոխարեն սահմանելով համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, ապրիլ ամսվա ընթացքում կգործարկվի Պարեկային ոստիկանության ծառայությունը Շիրակի և Լոռու մարզերում, և այս որոշումը, ըստ էության, այդ գործընթացի ֆինանսական հատվածն ապահովելու մասին է: Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է: Արդեն գիտեք, որ Պարեկային ոստիկանությունը հուլիսից գործում է Երևանում՝ մայրաքաղաքում, և պետք է արձանագրել, որ նրա գործունեության արդյունքները գոհացուցիչ են:

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այդպես ասել, ժողովրդավարությունն է, և մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն: Իհարկե, այս գործընթացն առանց թերությունների և բարդությունների չի անցնում, և նույնիսկ, երբ Պարեկային ոստիկանությունը հուլիսին պիտի նախատեսվածի նման գործարկվեր Երևանում, մեծ հարց էր՝ արդյոք այդ որոշումը կայացնե՞նք, թե՞ ոչ, որովհետև տեխնիկական բազմաթիվ հարցեր կային, որոնք այդ պահի դրությամբ լուծված չէին:

Հիմա հետադարձ նայելով ուրախ եմ, որ մենք այդ որոշումը կայացրինք, որովհետև մեծ հաշվով ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է: Շիրակի և Լոռվա մարզերի հետ կապված էլ կան որոշակի տեխնիկական բարդություններ, բայց վստահ ենք, որ ապրիլին այնտեղ կգործարկենք Պարեկային ոստիկանությունը: Հաջորդ փուլով Պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

Ոստիկանության կողմից արդեն տարածվել է հայտարարություն հավակնորդների ընդունելության վերաբերյալ, և ի տարբերություն առաջին մրցույթի, արդեն հետագա մրցույթներին մենք ունենում ենք հավակնորդների ռեալ մրցակցություն՝ մեկ տեղի համար արդեն մի քանի հավակնորդ կա: Ցանկանում եմ հետևյալն արձանագրել նաև այս ամբիոնից, չնայած Ոստիկանությունն այդ տեղեկատվությունը տարածում է, և կարևոր եմ համարում, որ այն բոլոր հնարավոր շահառուներին հասանելի լինի. առաջինը, որ Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում Ոստիկանությունում ծառայած լինելը, այսինքն՝ ցանկացած ոք, ընդ որում՝ ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը:

Բայց մենք կրթական հատվածն ամենևին չենք թերագնահատում՝ մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և անցնում են աշխատանքի: Եվ որ կարևոր է՝ հետագայում էլ նրանք Պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար Ոստիկանական ակադեմիայում վերապատրաստում կանցնեն: Այսինքն՝ մարդկանց առաջ կարիերայի որոշակի հնարավորություն է բացվում:

Բայց ես ցանկանում եմ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրել. քանի որ հիմա ընդունելությունը Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում է, ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին: Որովհետև, իհարկե, մենք և՛ Երևանում, և՛ Շիրակի ու Լոռվա մարզերում ունենք կին պարեկներ, բայց կարծում ենք, որ ներուժը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որ կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից այս փուլում – հաջորդ փուլերում մյուս մարզերն էլ ենք ունենալու, այսինքն՝ ամբողջ հանրապետությունում է լինելու – ակտիվություն ցուցաբերեն: Սա շատ կարևոր է:

Ընդհանրապես բոլոր ոլորտներում ենք այս կոչն անում, բայց ցանկացա, որ հատկապես ուշադրություն հրավիրենք Պարեկային ոստիկանությունում հնարավորությունների վրա: Կրկնում ենք՝ ցանկացած ոք կարող է դիմել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար: Դրա համար պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն, այլ 5-ամսյա դասընթացներ են լինում, որոնց արդյունքում սովորողը քննություն է հանձնում, ընդ որում՝ այդ ընթացքում սովորողներին վճարվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու պարագայում ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350 հազար դրամից սկսած: Կանայք, տղամարդիկ հավասարապես կարող են դիմել այս աշխատանքին հավակնելու համար: Ես ուզում եմ հատուկ կոչով դիմել, որ կանայք ավելի ակտիվ լինեն»:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է կանանց ներգրավման մասին վարչապետի կոչի կարևորությունը և կիսվել այս առումով կուտակված փորձով՝ ասելով հետևյալը. «Պարոն վարչապետ, Երևանում ընդունելության հարցազրույցների ընթացքում մենք՝ կանանց հետ համատեղ նույն կարգախմբում ծառայելու հարցը տալիս էինք դիմորդներին, և որոշակի թերահավատություն կար, բայց պիտի ասեմ, որ Երևանում ծառայության ընթացքում և ծառայության արդյունքները մշտադիտարկելիս նույն այդ ծառայողները միանշանակ շատ ավելի բարձր են գնահատել այն կարգախմբերի աշխատանքը, որտեղ ներգրավված են եղել կանանց հետ: Մասնավորապես, ըստ իրենց, կանանց ներկայացվածությունը շատ ավելի օգնել է բնակիչների, հանրության հետ հաղորդակցությունն իրականացնելու ու նաև ծայրահեղ լարված իրավիճակները դեէսկալացնելու համար:

Այս առումով նաև կարևորում եմ, որ պետական քաղաքականության մեջ և ընդունելության գործընթացում Կառավարությունը նախատեսել է քվոտա կանանց մասնակցության համար, որի շրջանակում կանայք կունենան շատ ավելի մեծ հնարավորություններ: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում մենք այս շեշտադրումը տանում ենք մեզ հետ նաև մարզեր, որովհետև շատ կարևոր է, որ կանայք մարզերում կարողանան արդյունավետորեն ներգրավվել անվտանգային, իրավակարգի ապահովման հարցերում և ընդհանրապես հասարակական կյանքում ունենան կարևոր դերակատարություն»:

Կարևորելով ՄԻՊ դիտարկումները՝ վարչապետը նշել է, որ սա կանանց՝ Ոստիկանության ծառայության մեջ ներգրավվելու առաջին փորձը չէ, նման պրակտիկա նախկինում եղել է, այժմ պետք է խրախուսել: «Պատկերացրեք, հատկապես մարզերում կին ոստիկանների, պարեկների ծառայությունն ինչպիսի զգոնացնող դերակատարում կունենա: Դա միջավայրի և, թույլ տվեք ասել, օրինականության մասին պատկերացումների էական փոփոխություն է: Որովհետև, եթե խոսում ենք առավել ևս ժողովրդավարական հասարակարգերի մասին, օրինականությունն ընդհանրապես կերպարով և իմիջով ոչ այնքան հարկադրանքի, որքան հանրային պայմանավորվածության և քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է: Այդ առումով այս նրբությունները կարևոր են, մենք ուզում ենք, որ մեր հանրությունը, մեր քաղաքացիները պետական կառավարմանը և հանրության կյանքի կազմակերպմանը լիարժեք ներգրավվածություն ունենան», – ասել է Կառավարության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել