Հինգշաբթի Գերմանիայի խորհրդարանի նիստը բացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձով, որում նա կշտամբել է Գերմանիային այդքան ուշ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը:
Դահլիճում, պատգամավորներից բացի, ներկա են եղել կառավարության անդամներ, այդ թվում՝ կանցլեր Օլաֆ Շոլցը, ուկրաինացի դիվանագետներ, հաղորդում է «Ուկրինֆորմի» թղթակիցը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել օգնության համար, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ աջակցության շատ քայլեր ուշացած էին և անբավարար։ Նա հիշեցրել է գերմանական բիզնեսի և ռուսական բիզնեսի սերտ կապերը, որ շատ երկար ժամանակ Ուկրաինան զգուշացնում էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը պատերազմի նախապատրաստություն է. «Բայց ի պատասխան ես միայն լսեցի. սա է տնտեսությունը, տնտեսություն, տնտեսություն»։
«Ուկրաինային հասկանալու, ժամանակին արձագանքելու և օգնելու ցանկություն չունենալն է, որ հզոր նոր բաժանարար պատեր է կառուցում Եվրոպայում: Ուկրաինան չի ցանկանում Եվրոպային նայել այս պատի միջով»,-ընդգծել է նախագահը:
Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել հասարակ գերմանացիներին, ովքեր օգնում են փախստականներին, լրագրողներին, ովքեր ասում են ճշմարտությունը պատերազմի մասին, գերմանական ընկերություններին, որոնք, իր խոսքով՝ բարոյականությունը շահից վեր են դասում։
Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը չեն տարբերում ռազմական և քաղաքացիական օբյեկտները, նրանց համար ամեն ինչ նշանակետ է։ Խոսել է Մարիուպոլի և այլ քաղաքների ողբերգության մասին. «Դուք կարող եք տեսնել այդ ամենը, եթե նայեք պատից այն կողմ»:
Ուկրաինական պետության ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիայում ամեն տարի կրկնում են՝ այլևս երբեք։ Բայց այդ խոսքերը հիմա ոչինչ չեն նշանակում։
Զելենսկին իր ելույթն ավարտեց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին ուղղված հայտնի խոսքերով՝ պարո՛ն նախագահ, քանդեք այս պատը։
«Եվ ես խնդրում եմ ձեզ, հարգելի պարոն կանցլեր, քանդեք այս պատը, տվեք Գերմանիային այն առաջատար դերը, որն արժանի է: Աջակցեք Ուկրաինային, դադարեցրեք այս պատերազմը, օգնեք մեզ դադարեցնել այս պատերազմը», ասել է Զելենսկին:
_____________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։