Ե՞րբ են անձին ճանաչման ներկայացնում

Ճանաչման ներկայացնելը՝ որպես քննչական գործողություն, կարևորվում է քրեական գործի քննության ընթացքում, ապացույցների հավաքման գործում` անկախ հանցագործության բնույթից և տեսակից: Հաճախ այն մեծ նշանակություն է ստանում այնպիսի հանցագործությունների բացահայտման դեպքերում, ինչպիսինն են կյանքի, առողջության, ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները (սպանություն, առևանգում, բռնաբարություն և այլն), սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (գողություն, կողոպուտ, խարդախություն, ավազակային հարձակում և այլն), հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները (ահաբեկչություն, պատանդ վերցնելը, բանդիտիզմ և այլն):

Ճանաչման ներկայացման օբյեկտները բազմազան են. մարդ, դիակ կամ նրա առանձին մասեր, տարբեր առարկաներ, տնային կենդանիներ և այլն: Ճանաչման ներկայացվում են ինչպես բնական տեսքով, այսինքն` անմիջականորեն օբյեկտը, այնպես էլ՝ լուսանկարների միջոցով, կինո և տեսաերիզների, ձայների ֆիքսման և այլնի միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ճանաչման համար որևէ անձի վկային, տուժողին, կասկածյալին, մեղադրյալին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը վերջիններիս նախապես հարցաքննում է այդ անձի արտաքին տեսքի ու նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին:

Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին:

Ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին նույն սեռի և արտաքինով ու հագուստով ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ: Ճանաչումն սկսելուց առաջ քննիչը ճանաչվողին առաջարկում է այլ անձանց միջև զբաղեցնել ցանկացած տեղը: Քննիչի հայեցողությամբ կամ ճանաչողի ցանկությամբ անձի ճանաչումը կարող է կատարվել ճանաչվողի տեսողական դիտարկումից դուրս:

Ճանաչում չի կատարվում, իսկ կատարվածը չի կարող ճանաչվել հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար:

Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով:

Անձին ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել