Մարտի 5-ին, ժամը 03.15-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Մելիք Սարգսյան փողոցի տներից մեկում դիակ կա: Ժամը 03.30-ին Մոսկվայից ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և խնդրել, որ Մելիք Սարգսյան փողոցի նշված տուն շտապ ոստիկաններ մոտենան:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը վերոհիշյալ տանը հայտնաբերել է 62-ամյա Վռամ Հ.-ի դին:
Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Սմբատ Հ.-ն: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ մարտի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի է ենթարկել 62-ամյա հորեղբորը, որը մահացել է:
Սմբատ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 38-ամյա Սմբատ Հ.-ն 2016 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: