«Ասաց՝ պաշտպանվում ենք, էլի կզանգեմ… չզանգեց». Սևակ Մովսեսյանը կամավոր էր մեկնել պաշտպանելու Արցախը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սևակ Մովսեսյանը հոկտեմբերի 2-ին էր մեկնել Արցախը պաշտպանելու:
Հայրը՝ Սուրեն Մովսեսյանը պատմում է, որ մինչև կամավորագրվելը Սևակը փորձել է թիկունքային աշխատանքներով օգնել առաջնագծում կռվող տղաներին:
«Ինձ ընկեր էր ինքը, ամեն ինչ ասում էր ինձ: Գրագետ էր, կարմիր դիպլոմով քոլեջն ավարտեց ու ընդունվեց Ճարտարագիտական համալսարան: Հետո ընտանեկան խնդիրներ առաջացան, երկու տղաներս առողջական խնդիրներ ունեցան, համալսարանը կիսատ թողեց, սկսեց աշխատել ու օգնել ընտանիքին, բոլոր հարցերն իր վրա էր»,-ասում է հայրը:
Նա նշեց, որ ավագ որդուն իր երիկամն է տվել, միջնեկ որդին էլ արտասահման է մեկնել բուժվելու նպատակով: Տան հոգսը Սևակի վրա է եղել:
Ընկերը՝ Գրիգոր Տոնոյանը պատմում է, որ Սևակը դեռ դպրոցական տարիներից բոլորի հոգսերն ու խնդիրները վերցնում էր իր վրա:
Հոր խոսքով՝ որդին միշտ մտահոգվել է, երբ տեսել է, որ մարդիկ թողնում են հայրենիքն ու գնում:
«Ասում էր՝ ախր ինչի՞ համար են գնում. բա մարդ էլ մի տեղ ծնվի, մեծանա, հետո այս ամեն ինչը թողնի ու գնա: Ինքն ինձ համար հայրենասիրության խորհրդանիշ էր»,-ասում է հայրը:
Սևակը Երկրապահ կամավորակնների միության անդամ է եղել: Նրանց հետ է մեկնել ռազմաճակատ:
Սևակ Մովսեսյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 30-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: