Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`
1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային և համայնքային կտրվածքով.
2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.
3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.
4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:
Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ: Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է ՀՀ կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:
Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:
Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:
Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:
Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: