Պոլիկլինիկայի նախկին տնօրենը պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում

Սյուզաննա Բալայանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Լոռու մարզպետարանի ու պահանջում է իրեն վերականգնել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում։ Իրավաբան.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Վարդուհի Հովնանյանին։

Բալայանը պահանջում է նաև անվավեր ճանաչել պաշտոնից ազատելու մասին մարզպետի պաշտոնակատարի որոշումը և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի օգտին նրա միջին աշխատավարձը։

Դատավորը գործը վարույթ է ընդունել և փետրվարի 8-ին նախնական դատական նիստ նշանակել։

Սյուզաննա Բալայանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ Լոռու մարզպետարանում իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը կայացվել է զուտ քաղաքական դրդապատճառներով։

Նրա հիմնավորումն այն է, որ մարզպետի պաշտոնակատարն ու առողջապահության վարչության պետը դեռ մի քանի օր առաջ իրեն կանչել են ու բացատրություն պահանջել՝ ինչո՞ւ է իր ենթական ֆեյսբուքում հավանություն տվել մի գրառման, որը, ըստ նրանց, վարկաբեկում է արձակուրդի մեջ գտնվող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Վերջինս իշխանության թեկնածուն էր՝ Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել