Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի․ Էրիկ Ալեքսանյան

Ազգային ժողովի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Լրագրողների հետ ճեպազրույցում Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ սխալմունք է տեղի ունեցել, ինչի պատճառով դատախազը չէր ներկայացել նիստին։

Հաստատվել է, որ Արմեն Չարչյանի մոտ առկա հիվանդությունը անհամատեղելի է եղել կալանավորման հետ։

«Որոշումը կայացնողներին պատասխանատվության ենթարկելու քայլեր են ձեռնարկվում։ Մենք դեռևս 2021 թվականի օգոստոսի 23-24-ից, երբ Վերաքննիչ քրեական դատարանը փաստացի բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք ասում էինք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը ի թիվս այլ պատճառների մեր փաստարկները չընդունեց, համարեց դրանք անհիմն։ Սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը՝ սխալ։ Հաջորդ դատական նիստի ժամանակ կհրապարակվի փորձաքննության արդյունքները, որ Չարչյանի հիվանդությունը անհամատեղելի էր կալանքի հետ»,-ասաց նա։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ միջոցներ են ձեռնարկվելու, որ  դատավոր Ռուբեն Մխիթարյանը պատասխանատվության ենթարկվի ապօրինի դատական ակտ կայացնելու համար, որի հետևանքով Արմեն Չարչյանը 5 ամիս մնացել է կալանքի տակ։

Հիշեցնեք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել