Մեկնարկեց Flyone Armenia ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Ստամբուլ

Զվարթնոց օդանավակայանից փետրվարի 2-ին տեղի ունեցավ Flyone Armenia ընկերության անդրանիկ չվերթը դեպի Ստամբուլ: Այս մասին հայտնում են ավիաընկերության պաշտոնական էջից:

Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել երկուշաբթի և ուրբաթ օրերին: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Flyone Armenia ավիաընկերությունից հայտնել են, որ հակահամաճարակային միջոցառումներն իրենց ուշադրության կենտրոնում են, օդանավում պարտադիր է լինելու դիմակի կրումը: Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:

Հիշեցնենք, որ FlyOne Armenia ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու համար: Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները բավարարել են ընկերության հայտը: Նույն ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել նաև թուրքական Pegasus ավիաընկերությունը:

FlyOne Armeni» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել