Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է կարգավորել սուպերմարկետներում և այլ առևտրի վայրերում ակցիաների, զեղչերի և այլ մարկետինգային գործունեության միջոցառումների ոլորտը։
Նշվում է, որ գործնականում հանդիպող խնդիրներից են, ի թիվս այլնի.
- Ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից․
- Ակցիայի պայմանների վերաբերյալ թերի, ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը․
- Ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը փաստացի ակցիայի բացակայության պայմաններում․
- Ակցիայի իրականացման ժամանակային սահմանափակում չունենալը, որպիսի պայմաններում ակցիայի արդյունքում սահմանվող գինը դառնում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման փաստացի գին:
Նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը.
- ակցիայի հասկացությունը և տեսակները.
- զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն.
- ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները.
- ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն.
- օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետևանքները։
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։