Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի փաստաբաններ, լրագրողներ և այլ գործընկերներ,
Ահազանգում եմ Ձեզ դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին:
Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական դատողությունների հիման վրա, առանց որևէ փաատական տվյալի, մոտ երկու ամիս անց, հանկարծակի դատախազությունը որոշում է այն գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, իսկ այն, որ անձը 14 օր եղել է կալանքի տակ որպես ծանր հետևանք:
Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը և ցույց տվեց, որ ի զորու չէ ապահովել դատավորի անկախությունը, ձևավորեց դատավորի օրինական գործունեությանը միջամտելու արատավոր պրակտիկա: Այս երույթը հղի է դատական իշխանությունում վախի և հնազանդության մթնոլորտ ստեղծելու վտանգով:
Դատավոր Բախշիյանը գրագետ, պարկեշտ և եզակի բարեխղճության տեր դատավոր է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: