Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը: Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է:
Այսինքն, հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»,-նշել է նա:
Ավելի վաղ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել ու նշել, որ մտահոգություն են հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։