Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Հայատանի Հանրապետության և Նիկոլ Փաշինյանի գործով ապացույցներ են ներկայացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատարանին ներկայացրեց կրիչ և փաստաթղթեր, ինչպես նաև միջնորդություն՝ դրանք որպես գործի ապացույց ընդունելու մասին:

Փաստաբանը նշեց նաև, որ ապացույցները ձեռք են բերել ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանից:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացված ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ փաստաթղթերը, ինչպես նաև կրիչը որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի այն ելույթի հետ, որը իրենք համարում են զրպարտություն․ «Այս փաստաթղթերում նշված գույքերից որևէ մեկը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս փաստաթղթերը, որոնք ներկայացրել եք ձեռք են բերվել անհասկանալի ձևով: Եթե Ձեր վստահորդը օգտվելով նրանից, որ  ինքը վարչապետ է ձեռք է բերել այս փաստաթղթերը, ապա այստեղ կան նաև հարցեր, որոնք արդեն քաղաքացիական դատավարության շրջանակում չպետք է քննվեն, քանի որ դրանք քրեական գործի նյութեր են և պարունակում են նախաքննության գաղտնիք»։

Գևորգ Գյոզալյանը ներկայացնելով իր դիրքորոշումը՝ ասաց, որ իր վստահորդը ընդամենը ասել է, որ  ժողովրդից թալանված գումարները ի թիվս այլ պաշտոնատար անձանց գտնվում է նաև հայցվորի և նրա ընտանիքի անդամների մոտ և հավելեց, որ իր վստահորդը ի պաշտոնե այս տեղեկությանը տիրապետել է․ «Հայցվոր կողմը վիճարկելով այս ապացույցների թույլատրելիությունը չի նշում կոնկրետ այն օրենքը կամ իրավական ակտը, որի համաձայն ես պետք է ապացուցեմ որոշակի հստակ փաստ»։

Լսելով կողմերին դատարանը հայտնեց, որ ներկայացված ապացույցները կուսումնասիրի և իրավական գնահատական կտա:

Նախնական դատական նիստը ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 14-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։

Նշենք, որ պաշտպանները պահանջում են զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործն ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է», – հայտարարել էր վարչապետը:

Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 միլիոն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել