Այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսին լինում էին նախկինում. Դումանյանը՝ Պապիկյանի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելու մասին

Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ոչ այն պատճառով, որ այնտեղ պետք է կուսակցության խնդիրներ քննարկի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Պապիկյանը գտնվում է այն բուհում, որտեղ սովորել է և քաջ ծանոթ է, թե այնտեղ ինչ խնդիրներ կան: Նա այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսին լինում էին նախկինում: Նախկինում, օրինակ՝ ԵՊՀ-ն ամեն տարի իր համեստ բյուջեից 120 միլիոն դրամ փոխանցում էր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին»,- նշեց Դումանյանը:

Նախարարի խոսքով՝ այժմ տարկետման մեխանիզմները ավելի նպատակային դարձնելու ուղղությամբ քննարկումներ են իրականացվում:

«Նպատակային ասելով հասկանում ենք այնպիսի կարգ, որպեսզի չխախտվի անընդհատ կրթության սկզբունքը որոշ մասնագիտությունների գծով: Շատ լավ է, որ Պապիկյանը նախագահում է բուհի հոգաբարձուների խորհուրդը և ավելի մոտիկից կծանոթանա նաև այդ հարցին»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով բուհերի քաղաքականացված լինելուն՝ Դումանյանը հարցեց, թե ինչո՞ւ են միայն Սուրեն Պապիկյանի մասին խոսում, չէ որ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն էլ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է, և հավելեց, որ այսօր բոլոր բուհերը ազատ են և նրանց մեջ չկան քաղաքականացվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել