Միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի քանի անգամ գրել եմ և մեկ հարցազրույցի հետքերով ստիպված եմ ևս մեկ անգամ գրել. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը տարածքի նկատմամբ տիտղոս որոշող կառույց չէ և չունի նման մանդատ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա. վերջինիս մանդատը վերաբերվում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանությանը (հոդ. 24(1))… Արցախի առնչությամբ ընդունված չորս բանաձևերն իրականում արժեքավոր գործիք են եղել և շարունակում մնալ այդպիսին հայկական շահի ձեռքերում, քանի որ դրանցում չկա ո՛չ Արցախի “կոկեկտիվ չճանաչման” (collective non-recognition) կոչ միջազգային հանրության, ո՛չ այն անօրինական ռեժիմ որակելու վերաբերյալ որևէ բառ և ո՛չ էլ Արցախի անկախության հռչակագրի անվավերության վերաբերյալ որևէ խոսք, ինչպես դա կար, օրինակ ԱԽ բանաձևեր 216–ում (1965) և 217–ում (1965), 541–ում (1983) կամ 787–ում (1992), որոնք վերաբերվում էին Հարավային Ռոդեզիային, Հյուսիսային Կիպրոսին և Ռեպուբլիկա Սրպսկային…
Հաշվի առնելով ԱԽ մանդատը՝ բանաձևեր 874-ում և 884-ում “Nagorny Karabakh region of the Azerbaijani Republic” ձևակերպման օգտագործումը ոչ այլ ինչ է, քան այդ բանաձևի օգտին քվեարկած պետությունների դիրքորոշում, որը որևէ կերպ չի կանխորոշում ոչ խնդրո առարկա տարածքի նկատմամբ տիտղոսի հարցը, և ոչ էլ ադրբեջանական տիտղոսի պարագայում անջատման հարցը (տես Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը)…»։
Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պարամետրերը 2016-ին տեղափոխվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
«Բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն: « Այդ հանրաքվեն երբեք հայկական մեկնաբանությամբ տեղի չէր ունենալու, բայց, ենթադրենք, եթե հայկական մեկնաբանությամբ տեղի ունենար, հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը: Հիմա, երբ ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, իսկ ԼՂ-ի ադրբեջանցիներն այդ համատեքստում իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Եվ այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ ազատ մեկնաբանություններ չի անում, խոսում է բանակցային եղած բովանդակության նրբությունների մասին, որոնք մինչև օրս ոչ մի անգամ հրապարակային չեն քննարկվել:
Փաշինյանը հարց բարձրացրեց՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրվեր: Ըստ նրա՝ այսօր հնչում են մտքեր, արվում են հայտարարություններ, որոնք իրականում 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն, կամ էլ դրանից մի նախադասություն է վերցված, բայց այդ փաթեթը մի նախադասությունից, նույնիսկ մի փաստաթղթից չի ձևավորված:
«Եվ, երբ ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, հենց այս համատեքստը նկատի ունեմ, որը մի շերտանի չէ: ԼՂԻՄ-ը երբեք,երբեք չի դիտարկվել այդ բանակցային բովանադակությունում որպես զուտ հայկական միավորում: Այն ընկալվել, դիտարկվել և արձանագրվել է որպես հայկական և ադրբեջանական միավորում, առնվազն բնակչության մասով նկատի ունեմ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ այն, որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այդ իրողությունը, ինքը կարող է դա ապացուցել:
Իսկ, թե 2016-ին բանակցություններում ինչ աղետ է տեղի ունեցել, վարչապետն ասաց, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան: «2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, թե նորմալ է, որ ասում է, թե ԼՂ-ն այդ բանակցային փաթեթում ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն: Բայց ոչ մեկ չի ասում, որ ԼՂ-ի այդ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, համանախագահների, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ: Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմից դիրքորոշումը եղել է՝ ամեն ինչ անել, որպեսզի հարցի վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի համանախագահության տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կանխատեսելի է, թե ինչ որոշում է կայացնելու այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ Փաշինյանն ասաց. «Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը ո՞ր երկրի մաս է կազմում: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, դա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, որովհետև 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ասվում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին բանակցային գործընթացում: Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,-ասաց Փաշինյանը: