ՍԴ նախագահը շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր ս.թ. դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում:

Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»:

Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել