«Ես այսուհետ արգելում եմ, որևէ հայի զոհվել։ Թող ոչ մի մայր չտեսնի այդ ցավը։ Մենք պայքարելու ենք հանուն ապրելու։ Մենք պայքարելու ենք հանուն հաղթանակի՝ ներքին հաղթանակի, ապա նաև արտաքին հաղթանակի, և մենք համոզված ենք, որ հասնելու ենք դրան։
Այսօր, խոսքս նախ ուզում եմ հղել Նիկոլ Փաշինյանին, իր երեկվա իր ուղիղ եթերից հետո, որքան էլ որ ինձ համար շատ դժվար էր իրեն լսելը, վաղուց ինձ այդ տառապանքին չէի ենթարկել, բայց լսեցի և ակամայից հիշեցի մեր հանճարեղ հեքիաթը, երբ Քաջ Նազարն ասում էր՝ արևը թող այս կողմից դուրս գա, այն կողմը մթնի, գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ։
Լսում էի ու փորձում էի, որպես մանկավարժ, որպես մասնագետ, որովհետև մեր մասնագիտությունները նույնն են, ես էլ եմ լրագրող, որևէ հասկանալի միտք պոկել այդ բարբաջանքից։ Այնքան էր իր ներքին շփոթմունքը, ներքին կասկածամտությունը, սեփական ես-ի և արածի նկատմամբ, որ որևէ նորմալ միտք ես չգտա»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նա ասաց, որ կանդրադառնա այս օրերին հենց հասցեագրված հարցերին, որոնք գրում են իրենց չհավատացողները։
«Հարցնում են՝ ո՞վ է մեզ կառավարում, պատասխանատու հայտարարում եմ՝ եռագույնը, այս պայքարը հանուն եռագույնի է, հանուն նրա, որ այս Հանրապետության հրապարակում ծածանվեն միայն եռագույն դրոշները։ Ասում են՝ այսօր պայքարը ճակատում է գնացեք ճակատ, հարգելիներս դուք չգիտե՞ք, որ կամավորական բոլոր ջոկատներին թույլ չեն տալիս մոտենալ դիրքերին, չեն զինում և չեն մոտեցնում։ Ես անձամբ պատրաստ եմ, և չեք էլ պատկերացնի ինչպես եմ երազում, երբ զենքը ձեռքիս՝ կսպանեմ գոնե մեկ թուրքի, դա իմ որդու վրեժը կլինի, եթե ինձ կզինեք, այո՛, պատրաստ եմ գնալու։
Ինչի՞ց կամ ումի՞ց ենք ազատագրում, նախ և առաջ մեր վախերից, այն կասկածամտությունից և թշնամանքից, որ մեր մեջ սերմանել են»,-նշեց նա։
Կարին Տոնոյանը դիմեց պատմաբաններին, գրողներին, նկարիչներին, որ գան ու հարթակից ելույթ ունենան։
Մանրամասները՝ տեսանյութում