Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական, փաստաթղթի բովանդակության հրապարակում` ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։
Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։
Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»։
Հիշեցնենք, որ «5165 շարժման» առաջնորդները և մի խումբ քաղաքացիներ Կառավարության դիմաց ակցիա անկացրեցին՝ պահանջելով ցույց տալ ստորագրվելիք փաստաթղթի բավանդակությունը։
«Որևէ մեկիս արյունը մեր հերոսների արյունից կարմիր չէ։ Եվ, եթե մենք պիտի զիջենք այն հողը, որը շաղախված է նրանց արյունով, ուրեմն ապրելու իրավունք անգամ չունենք։ Ես ուղղակի խնդրում եմ բոլորիդ՝ դուրս եկեք փողոց, ընդամենը մեկ պատճառով՝ տեր կանգնեք ձեր իրավունքին»,-ասաց«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ տրված է իրավունք՝ իրազեկվելու, թե ինչ են որոշում անել երկրի հետ։ Նա նշեց, որ իրենք ցանկանում են լինել իրազեկված և այս պահին ուրիշ ոչինչ չեն ուզում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար։