ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:
Առաջարկվող նախագծում հստակեցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության ժամկետները, մերժման հիմքերը:
Առաջարկվում է սահմանել ժամկետային նոր կարգավորումներ, ուսումնական տարածքի առկայությունը հիմնավորող փաստաթղթի պահանջ, վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ, ինչպես նաև որոշակիություն է մտցվում երաշխավորող հանձնաժողովի կազմում:
Ինչպես է կատարվում ընտրությունը
Վերապատրաստող կազմակերպությունները տարեկան առնվազն մեկ անգամ ընտրվում և երաշխավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Վերապատրաստող կազմակերպության ընտրության մասին հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացման օրվանից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:
Կազմակերպությունները հայտերը ներկայացնում են հայտարարության հրապարակման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել նախարարության սահմանած և պաշտոնապես հրապարակված պայմաններին և չափանիշներին բավարարող կազմակերպությունները:
Պահանջներ և ժամկետներ
Ներկայացվող պահանջներ. վերապատրաստող կազմակերպությունները պետք է ունենան ուսումնական տարածք (սեփականության վկայականի պատճենը կա՛մ վարձակալության պայմանագիրը, կա՛մ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը), առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետներ, ինչպես նաև ուսումնաթեմատիկ պլան և իրենց կողմից մշակված ծրագիր` ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան: Վերապատրաստման տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավելի, քան 20 օր: Պահանջներ են սահմանված նաև նյութատեխնիկական բազայի առկայության և հագեցվածության վերաբերյալ:
Ընտրող հանձնաժողով
Վերապատրաստող կազմակերպության ընտրությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից` հայտատուների ներկայությամբ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ` ոլորտը համակարգող փոխնախարարը (հանձնաժողովի նախագահ), ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը և մեկական ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից և անձնակազմի կառավարման վարչությունից:
Հանձնաժողովն ունի քարտուղար, որն իրականացնում է հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները, կազմում է նիստի օրակարգը, արձանագրում է նիստը: Նա քվեարկելու իրավունք չունի:
Նիստն իրավազոր է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն 4 անդամներ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:
Մերժման հիմքերը
Սահմանվել են վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտի մերժման հիմքերը: Մասնավորապես, հայտը մերժվում է, եթե նախորդ տարի երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստված անձանց առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել հավաստագրման քննության նվազագույն շեմը: Մերժման հիմք են նաև պահանջվող փաստաթղթերի բացակայությունը, հայտնաբերված խախտումները և այլն:
Արդյունքների հրապարակում
Հանձնաժողովն ընտրության արդյունքները ներկայացնում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հաղթող ճանաչված և երաշխավորված կազմակերպության վերապատրաստում կազմակերպելու մասին հայտարարությունը ներկայացվում է հրապարակման ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հավաստագրման քննություններից առնվազն մեկ ամիս առաջ: Նույն հայտարարությունը կարող է հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում կամ սոցիալական ցանցերում:
Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը: