«Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք». ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել ու արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:

«Պահանջում էինք հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների ու օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությանը, ավելին, իրավական ամենաթողության պայմաններում կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած սյունեցի պատգամավոր Արթուր Սարգսյանը», – նշեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ի նշան բողոքի, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ ԱԺ օրակարգում այսօր «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետի ներառումն է:

««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք», – ասաց Մամիջանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել