Նիկոլ Փաշինյանի դստեր գործով դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու քննությունն ավարտվել է

Նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում եղել է այն, որ Նախշքարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» դատական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել։

Այս առնչությամբ օգոստոսի 6-ին դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում ասված էր․

«Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»։

Նիստի ընթացքում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ամբողջությամբ առարկում են Արդարադատության նախարարի կողմից ներկայացված տվյալ միջնորդությունը։ Եվ կարծում են, որ այն ենթակա է մերժման՝ ինչպես բովանդակային, այնպես էլ ընթացակարգային հիմնավորումներով:

«Դատավոր Նախշքարյանը չի խախտել Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը՝ հայտնելու ինքնաբացարկ, քանի որ օբյեկտիվորեն առկա չեն եղել այդպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Մասնավորապես, դատավորը կանխակալ վերաբերմունք չի ունեցել որպես կողմ հանդես եկող անձի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ դատավոր Նախշքարյանը չի խախտել Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները՝ զերծ մնալու դատական իշխանությունները վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։ Մելիքյանի խոսքով՝ դատավորը քննադատության է ենթարկել գործադիր իշխանությանը՝ դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն իրականացնելու համար՝ օգտվելով դատավորի խոսքի ազատության որոշակիորեն սահմանափակված, բայց գոյություն ունեցող իրավունքից։ Նա հավելեց, որ այդ քննադատությունը չի կրել անձնավորված բնույթ, այլ ունեցել է հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը դատավորի դիտանկյունից մասնակցություն ունենալու բնույթ։

Զարուհի Նախշքարյանի մյուս ներկայացուցիչը՝ Սիրանուշ Սահակյանը, ասաց, որ դատավոր Նախշքարյանը շուրջ 8 տարի իրականացնում է դատական գործունեություն, և այդ 8 տարիների ընթացքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել։

«Կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, սակայն վրա են հասել երկու կարևոր փաստեր։ Մեկը, որ տիկին Նախշքարյանը մերժել է պարոն Բադասյանի հայցը և երկրորդը՝ վարչապետի աղջկան առնչվող հայց, որից հետո 3 ամսվա ընթացքում հարուցվել են 3 կարգապահական վարույթներ»,- ասաց նա։

Սահակյանը ևս դատավորի հարցազրույցներում արտահայտած կարծիքը հիմնավորեց վերջինիս խոսքի ազատության իրավունքով․ «Մենք գիտենք, որ արտահայտված խոսքը ևս կարող է դուրս գալ թույլատրելիի շրջանակից և առաջ բերել պատասխանատվություն, բայց որպես փաստ արձանագրենք, որ արտահայտված խոսքի համար տիկին Նախշքարյանի նկատմամբ անցանկալի հետևանքներ վրա չեն հասել, բայց այդ ամեն ինչով հանդերձ՝ մենք կարծում ենք, որ հարուցված վարույթն առնչություն ունի խոսքի հետ և ընկալվել է որպես քաղաքական»։

Իր ավարտական ելույթում էլ Զարուհի Նախշքարյանը նշեց, որ 2019 թվականին նա հարցազրույցներ է տվել ու հայտարարություն է կատարել ԲԴԽ անդամների մասնակցությամբ, տեսախցիկների և մամուլի առաջ, որտեղ ներկայացրել է իր տեսակետը դատական իշխանության նկատմամբ հայտարարություններ հնչելու վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ 2019 թվականին ոչ մի հայցադիմում, գործադիր իշխանության կողմից հայցված, իր վարույթում չի գտնվել։ Եվ ադ դեպքերից մեկ տարի անց իրեն է մակագրվել Շուշան Փաշինյանի հայցադիմումը։

«Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ հայցադիմումը աննախադեպ է եղել, որովհետև թե՛ ՀՀ նորագույն պատմության մեջ, թե՛ Խորհրդային Հայաստանում երբևէ անչափահաս երեխայի կողմից պատվի և արժանապատվության հայցադիմում չի հարուցվել դատարան։ Ես չունեի որևէ ձեռնարկ, որևէ հնարավորություն՝ ծանոթանալու, թե ինչպիսի մոտեցում ունեն մեր դատավորները՝ նման հայցերի հետ կապված»,- ասաց Նախշքարյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել է շատ ծավալուն միջազգային փորձ և հայցը վարույթ է ընդունել՝ համարելով, որ անչափահասը կարող է այդ պահանջով դիմել դատարան։ Եվ այդ մասին տեղեկացվել են հայցվորի օրինական 2 ներկայացուցիչները։ Նա նշեց, որ ներկայացուցիչներից Գյոզալյանը բացարկ չի հայտնել 9 ամիս, որի ընթացքում տեղի են ունեցել դատական նիստեր, Գյոզալյանը ներկա է գտնվել և կրկին ոչ մի անգամ բացարկ չի հայտնել և կասկածներ չի առաջ բերել դատավորի անաչառության վերաբերյալ՝ քաջտեղյակ լինելով Նախշքարյանի ելույթների և հարցազրույցների մասին։

«Ես համարում եմ, որ իմ նկատմամբ հետապնդում է իրականացվում, ես համարում եմ, որ երեք ամսվա ընթացքում իմ հանդեպ գործադիր մարմնի կողմից հարուցված 3 վարույթները գալիս են ապացուցելու, որ այո, իմ նկատմամբ իրականացվում է հետապնդում այն պատճառով, որ ես համարձակվել եմ կայացնել այս կամ այն դատական ակտը։ Ես կարծում եմ, որ դատավորներին չպետք է հետապնդի արդարադատության նախարարի ուրվականը, և դատավորները պետք է ազատ և անկախ լինեն՝ իրենց որոշումները կայացնելիս և երբեք այն չհամաձայնեցնեն արդարադատության նախարարի, երկրի վարչապետի, Ստյոպա Սաֆարյանի կամ մեկ այլ անձի հետ»,- նշեց նա։

Նա նշեց նաև, որ եթե վեթինգը գալու է այս դեմքով, ապա նա կարծում է, որ դա պատրանքային բնույթ ունի և բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հայտնելով, որ այս գործով որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15։10-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել