Պատգամավորական հավելավճարներ չեմ ստացել, տնտեսել եմ շուրջ 3 600 000 դրամ. Նազելի Բաղդասարյան

7-րդ և 8-րդ գումարոմների Ազգայի ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, որպես պատգամավոր դադարեցրել եմ իմ լիազորությունները: Երեք տարի լինելով երկրի օրենսդիր մարմնում՝ հուսամ, որ արդարացրել եմ այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք պետականաշինության գործում կապել եք ինձ հետ:

Լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ նախորդող ժամանակահատվածում ձեռնամուխ եմ եղել շուրջ երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնությունների փոփոխության, որի հիմքում եղել են ինչպես իրավական բացերի շտկումը, այնպես էլ փոփոխություններ, որոնք էականորեն կբարելավեն մեր օրենսդրական համակարգը:

Երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ քաղաքական խոսքս եղել է հաճախ կտրուկ, բայց մշտապես հիմնված փաստերի վրա, եղել է կշռադատված և անհարկի պիտակավորումներից և վիրավորանքներից զերծ: Սա եղել է մեկ ուղենիշ, որին հավատարիմ եմ մնացել պատգամավորական իմ ողջ գործունեության ընթացքում:

Բնականաբար, կապ եմ պահել ընտրողների հետ, որովհետև, օժտված լինելով առաջնային մանդատով, նախևառաջ գիտակցել եմ, որ Ազգային ժողովում ներկայացնում եմ հավաքական ժողովրդի, և պետք է իմ գործողությունները բխեն հենց ժողովրդի ցանկություններից և սպասումներից:

Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր՝ կարող եմ արձանագրել, որ պատգամավորական գործունեության անքակտելի մաս է խորհրդարանական դիվանագիտությունը: Հենց այս կարեւոր գործիքակազմի միջոցով է, որ հնարավոր է շատ հարցերի լուծում տալ և պարտավորված եմ, որ Խորհրդարանի կողմից պատվիրակված եմ եղել երկու միջազգային կառույցներում ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահը և դիրքորոշումները՝ ԵԽԽՎ և ԱՊՀ ՄԽՎ։ Զուգահեռ նաև երկկողմ հարաբերությունների ձեւաչափով շարունակաբար զարգացրել եմ հարաբերությունները տարբեր երկրների խորհրդարանականների հետ, քանի որ այս հանգամանքը հետպատերազմական շրջանում առավել քան կարևոր է եղել:

Լիահույս եմ, որ նախորդող ժամանակաշրջանում պատգամավորի հռետորաբանության և կեցվածքին համապատասխանող են եղել իմ գործողությունները, դրանով իսկ փորձել եմ կերտել պետական գործչին հարիր կերպար:

Ի հեճուկս բոլոր շահարկումների՝ պետք է նշեմ, որ նախորդող մեկուկես տարվա ընթացքում պատգամավորական հավելավճարներ չեմ ստացել: Պարգևատրումները, որոնք շահարկվում են անհիմն են եղել: Ավելին՝ շուրջ երեք տարի լինելով պատգամավոր և բնակվելով Երևանում՝ երբևէ չեմ օգտվել պետական բյուջեից պատգամավորին բնակարանի համար հատկացվող հարյուրհազարական դրամներից, այդպիսով իսկ պետական բյուջեից տնտեսելով շուրջ 3 600 000 դրամ:

Դադարեցնելով իմ պատգամավորական գործունեությունը՝ ափսոսանք եմ ապրում, որ չկարողացա շրջանառության մեջ դնել կարևոր մեկ-երկու օրենսդրական նախագիծ, որոնցից մեկին հատկապես կուզենամ անդրադառնալ: Խոսքը պատերազմի ընթացքում զոհված մեր զինծառայողների հարազատներին փոխհատուցման մասին է, մասնավորապես, եղբայրների ու քույրերի, որոնք «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով մինչ այժմ չեն համարվում շահառուներ։ Այս նախաձեռնության վրա աշխատել ենք տևական ժամանակ և գործընկերներիցս մեկը, որը զուգահեռ աշխատում է այս օրինագծի վրա, հուսամ առաջիկայում կշրջանառի օրենքը:

Չեմ կարող չկարևորել գերիների վերադարձի խնդիրը, որը վերջին ժամանակաշրջանում եղել է իմ գործունեության առանցքում: Հաստատված գերիների վերադարձը շարունակական գործընթաց է, որը հետևողական իրականացվում է պետական բոլոր ատյանների ջանքերով: ԵՒ թեև որպես պատգամավոր այլևս չեմ կարողանա այս գործընթացում օգտակար լինել, բայց անկախ, թե որ ոլորտում կշարունակեմ գործունեությունս, այս հարցը շարունակաբար կլինի իմ ուշադրության կենտրոնում և ձեռք բերված միջազգային կապերը, խողովակները կկարողանամ ծառայեցնել հարցի շուտափույթ լուծման համար:
Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել