Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները. «5165 շարժուման» հայտարարությունը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մոտենում է նոյեմբերի 9-ի ամոթալի համաձայնագրի տարելիցը, համաձայնագիր, որ գործող իշխանությունների կողմից մատուցվեց իբրև փրկօղակ, բայց իրականում արտահայտում էր նրանց տենչը՝ ձերբազատվելու Արցախից ու արցախյան հարցից:

Այժմ էլ որոշ գերտերությունների ղեկավարների կամ փորձագետների շուրթերից հնչում են արտահայտություններ, Հայաստանի գործող ղեկավարներից ու նրանց մերձավոր լրատվամիջոցներից դուրս են սպրդում լուրեր այն մասին, որ դեռևս ցավոտ զիջումներ են սպասվում Հայաստանին, որ առջևում Արցախի հարցը գերեզմանող, Սյունիքի վրայով թուրանական միջանցքի բացում նախատեսող, ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան ներքո թշնամուն հանձնել պատրաստվող գործարքներ կան:

Նշվածի կապակցությամբ հայտարարում ենք.

Առաջին՝ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները, տեր կանգնելու Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներն օրինական տիրոջը վերադարձնելու գործընթացին: Հայաստանը հաստատակամորեն պետք է հրաժարվի իր կենսական շահերին հակասող որևէ գործարք ստորագրելուց, ինչը հնարավոր է համոզիչ կերպով ներկայացնել Հայաստանի վրա ենթադրյալ ճնշում գործադրող ցանկացած ուժային կենտրոնի, և ինչը հնարավոր է իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանային համակարգի ներսում առկա հակասություններն ու համաձայնությունները ճիշտ ընկալելով:

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի հարցի կարգավորման համատեքստում, ինչը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում և Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև հուսալի սահմանի գոյություն:

Երրորդ՝ խաղաղության անվան տակ Հայաստանից նոր զիջումներ կորզող ցանկացած գործարք խաղաղության չի հանգեցնելու, ընդհակառակը, ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը:

Չորրորդ՝ ի լուր Հայաստանի գործող իշխանությունների ու նրանց թուլություններն օգտագործող ուժերի, հայտարարում ենք, որ Հայաստանին անգամ բռնության գնով ցավոտ զիջումներ պարտադրելուն հետևելու է հայ ժողովրդի արժանապատիվ մի հատվածի պարտիզանական պայքարը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել