22-ամյա կնոջը պարբերաբար ծեծում էին և խոչընդոտում երեխայի հետ լիարժեք շփմանը

22-ամյա Նարինե Հակոբյանը ամուսնու` Հակոբի հետ ծանոթացել էր, երբ ընդամենը 18 տարեկան էր, իսկ ամիսներ անց ծնվել էր նրանց որդին: Սակայն շատ շուտով Նարինեն հասկացել էր, որ ամուսնու համար իր հետ բնակվելու միակ պատճառը իր կողմից ընտանիքին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն էր, մինչդեռ իր հանդեպ ոչ ամուսնու և ոչ էլ ընտանիքի մյուս անդամների կողմից որևէ հոգատարություն չէր ցուցաբերվում անգամ այն ժամանակ, երբ դեռ հղի էր: Ոչինչ չփոխվեց նաև երեխայի լույս աշխարհ գալուց հետո: 

Բնակվում էին իրենց եռամյա որդու, ամուսնու և վերջինիս ծնողների հետ: Նարինեին ստիպում էին աշխատել, պարբերաբար ծեծում և վատ էին վերաբերվում, իսկ երեխային թույլ չէին տալիս անգամ մոր հետ լիարժեք շփվել: Նա նույնիսկ անձնագիր չուներ, քանի որ ամուսնու ընտանիքը իրեն թույլ չէր տալիս հաշվառվել իրենց տան հասցեով: Նարինեն խուսափում էր վերադառնալ իր ծնողների տուն, վախենալով, որ իր պատճառով ծնողները կընկնեն ամոթալի դրության մեջ: Այս մասին հայտնում  են ՄԻՊ գրասենյակից:

Հայտնվելով անելանելի վիճակում Նարինեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ անգամ չէ, որ բռնության ենթարկված կանայք Պաշտպանի միջամտությամբ ապաստան են գտել Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում և հնարավորություն ստացել կրկին վերադառնալ իրենց բնականոն կյանքին: 

Այժմ Նարինեն ևս իր որդու հետ բնակվում է Լայթ Հաուսում, հաճախում մատնահարդարման, համակարգչային և կարուձևի ուսուցման դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն: 

Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկելու է նաև բոլոր հնարավոր միջոցները կնոջ անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու համար:

Կնոջ անուն-ազգանունը փոխված է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել