Սեյրան Օհանյանը՝ Փայլասարի մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները  հրավիրել են հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե  ինչ է կատարվում ՀՀ պետական սահմանին: Նրանք խոսել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ:

«Մենք շատ հարցերի պատասխաններ չստացանք, որոնք որ ուղղված պետք է լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ գնահատումն ամբողջությամբ անվտանգության միջավայր և Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի վիճակը և Հայաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի դա Պաշտպանության նախարարություն, թե սահմնապահ ստորաբաժանումներ հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ որ պատերազմ ավարտվել է, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում:

«Մեր եզրակացությունը մեկն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանությունների կողմից, թե ում կողմից, թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն»,-նշեց պատգամավորը:

Լրագրողի հարցին, թե այդ քննարկմանն անդրադարձ եղե՞լ է Կապանի ճանապարհների անվտանգությանը, Սեյրան Օհանյանը նշեց. «Անդրադարձ եղել է, և՛ ճանապահներին, և՛ Փայլասարին, տեղագրական, աշխարհագրական առումով որոշակի գաղտնիություն կա, դրա մասին չէի ուզի խոսել: ԳՇ պետի տեղակալը և ԱԱԾ ներկայացուցիչը հաստատեցին հետևյալը, որ եղել է Ռուսաստանի Դաշնության հենակետ Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև և ՌԴ-ի այդ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել և դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել