Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարության. Փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի
Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան, Ավագանու նիստին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցին:
Նա տեղեկացրեց, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրեց, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան եւ փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաեւ արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:
«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երևանցիները երթեւեկեն նոր ավտոբուսներով», – ասաց քաղաքապետ Մարությանը: Նա նաեւ խոսեց միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելու նախապատրաստական գործընթացի մասին:
Հիշեցնեմ, որ 2020-ին Երերւանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին»: