Նոյեմբերից մի շարք ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված միավորներից, կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով: Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների, ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմաթիկա», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների մասին է: Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ: Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում առարկաների ցանկը կընդլայնենք, այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք: Մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն, դա նաև կազմակերպելու խնդիր է: Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերն ինչպես արդեն ասացի՝ նոյեմբերից կբարձրանան»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պլանավորում է նաև հաջորդ փուլը, որով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ «Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործընթացը կտևի մոտ 3-4 տարի, որի արդյունքում ՀՀ-ում բոլոր առարկաներից իքս թվով ուսուցիչներ կանցնեն ատեստավորման գործընթացը։ «Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, և երբեմն նույնիսկ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք և շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք իրենց աշխատավարձն իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնեն: Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել ՝ մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակի ստեղծումը: Այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական որակավորում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ կառավարության ղեկավարի՝ գործընթացի արդյունքում պետք է ապահովվի նաև, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին։ Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ հանրապետությունում մեկնարկել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման լայնածավալ ծրագիր։ «Մենք զուգահեռ ծրագիր ենք սկսում, որի նպատակն առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության դպրոցները ժամանակակից լաբարատորիաներով կահավորելն է: Եթե այս ամենը դիտում ենք շղթայի մեջ՝ տեսնում ենք, որ կառավարության պատկերացումը, տեսլականը հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, արդեն իսկ թափ է հավաքում: Հույս ունեմ, որ 2022 թվականին այս իրագործան տեմպերն ավելի կմեծանան: Այսօր էլ հանրապետությունում մի քանի տասնյակ դպրոցներ են նորոգվում, հիմնանորոգվում, վերակառուցվում և գործընթացն, իհարկե, պետք է գնալով ավելի լայն ծավալներ ստանա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն գործընթացը կիրականացվի նաև նախակրթության ոլորտում՝ ուսուցիչ-դաստիարակների վերապատրաստում, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների հաստատում:

Վարչապետն անդրադարձել է այն հարցին, որ ոչ բոլոր հեռավոր գյուղական համայնքներում այս պահին կան անհրաժեշտ թվով աշակերտներ: Կառավարության ղեկավարն նշել է, որ այդ համատեքստում քննարկվում է տրանսպորտային միջոցներով երեխաններին անվտանգ դպրոց, տուն տեղափոխելու տարբերակը: «Իհարկե, կարելի է այդ գյուղում երկու աշակերտանոց դպրոց պահել, բայց այս դեպքում կրթության որակը և կրթական միջավայր պատշաճ ստանալ հնարավոր չէ»,-ասել կառավարության ղեկավարը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման համար դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել է 996-ը: «966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորման գործընթացները կազմակերպվել են սեպտեմբերի 18, 19, 25 և 26-ին: Ի դեպ, ատեստավորմանը կամավոր այս փուլում մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով: Այդ առարկաներն են եղել՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդողները և 7 թվարկված առարկաների գծով: Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և բոլոր առարկաների գծով», – ասել է Վահրամ Դումանյանը։

Նախարարը հայտնել է, որ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսն է հաղթահարել շեմը և արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար: Նշվել է նաև, որ այն ուսուցիչները, ովքեր այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել