Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրություններն անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,

Հոկտեմբերի 17-ին Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու նշված համայնքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Գյումրի – 5.6%

Դիլիջան – 24.5%

Մեղրի – 9.8%

Տաթև – 13.1%

Տեղ – 34.9%

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ բոլոր համայնքերում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, իսկ «տեղական հեղինակությունների» ներգրավումը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։ Քարոզչության ընթացքում շարունակվել են սպառնալիքները նաև բնակչության հանդեպ։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չեն տվել քաղաքացիներին՝ իրացնելու ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։

Թեև ընտրական օրենսգրքի տեսանկյունից ընտրությունների արդյունքներով արձանագրվել են քվեաթերթիկներում առկա տվյալները, սակայն տեղի ունեցած ամբողջ գործընթացի ուսումնասիրության հիման վրա «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը։
Գյումրի, Մեղրի, Տաթև համայնքներում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ։
Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նպաստելով մեր համայնքների զարգացմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել