Այսուհետև ՇՊԱԿ-ների ազգային ցանցի իրավաբանական ներուժը համադրելով ՓՄՁ ԶԱԿ- ի տնտեսագիտական ներուժին, կարող են ավելի արդյունավետ խորհրդատվություն տրամադրել ՓՄՁ ներկայացուցիչներին:
Այսօր ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:
«Համագործակցությունը գործնական հարթություն է բացելու երեք ուղղություններով` առաջինը` Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար իրավական իրազեկություն տրամադրելն է լինելու, երկրորդ` օրենսդրական բարեփոխումները, երրորդ`իրավունքների պաշտպանության համար կարևոր ինստիտուտի ներմուծումը`ՓՄՁ ներկայացուցիչներն իրենց վեճերը փորձելու են լուծել առևտրային արբիտրաժի միջոցով, որպեսզի խուսափեն երկարատև, ծախսատար, անկանխատեսելի պրոցեսներից»,-ասում «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացման» ծրագրի ղեկավար, ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը:
ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանի խոսքով`ե’ւ ՇՊԱԿ-ների ազգային ցանցը ե’ւ ՓՄՁ ԶԱԿ-ն ունեն գործառույթների ընդհանրություն համակարգային փոփոխությունների և ձեռնարկությունների շահերի պաշտպանության հետ կապված, ինչի շուրջ էլ պետք է խորացնել համագործակցությունը:
«Վարչապետին կիչ ստեղծված ՓՄՁ ազգային խորհուրդն աշխատում է հավաքել ձեռնարկատերերի կարծիքներն օրենքների վերաբերյալ` հատկապես հարկային օրենսդրության և բացթողումների արագ լուծումներ տալ: Այս առումով եւ ՇՊԱԿ-ները կարող են նման բողոքները փոխանցել մեզ, որից հետո ՓՄՁ ազգային խորհուրդը կփորձի գտնել ճիշտ բարեփոխումների լուծումները»,- նշեց Վարազդատ Կարապետյանը:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին նաև Արմավիրի զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի լիազոր ներկայացուցիչ Արփինե Բաղդոյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման բաժնի ներկայացուցիչ Արև Մովսիսյանը: Նա իր ողջույնի խոսքում կարևորեց համաձայնագրի ստորագրումը` հույս հայտնելով, որ այն նպաստելու է մեր երկրի շուկայի և տնտեսության մրցունակ դառնալուն:
Նունե Հովսեփյան