Փոփոխություն է կատարվել նույնականացման քարտերի հետ կապված․ հնարավոր կլինի որպես ծննդավայր նշել կոնկրետ տարածք

Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստին «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշում ընդունեց, որի համաձայն քաղաքացուն հնարավորություն կընձեռի իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է։

Որոշման ընդունման հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:

Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ծննդյան վայրը փոխելու նպատակով, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) որպես ծննդավայր որևէ պետության նշումը նրա համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա այլ պետություններում իր իրավունքներն իրացնելիս:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Այս դիրքորոշման ձևավորման հիմքում դրվել է այն  հանգամանքը, որ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ցանկացած այնպիսի դեպքում, երբ «ծննդյան վայրը» դաշտում կոնկրետ պետություն նշելը խնդրահարույց է կամ որևէ այլ հիմնավոր կամ ակնհայտ պատճառով նպատակահարմար չէ, պետությունները քաղաքացիների անձնագրում նշում են միայն անձի ծննդյան քաղաքը, ավանը, գյուղը կամ շրջանը` հիմք ընդունելով այդ փաստը հավաստող փաստաթուղթը (ծննդյան վկայական, օտարերկրյա անձնագիր, այլ փաստաթուղթ):

Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է (կից ներկայացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան գրությունը), ինչն էլ հիմք է հանդիսացել սույն հոդվածով նախատեսվող օրենսդրական փոփոխության համար։

Այս հիմնավորմամբ փոփոխություն է կատարվել նաև «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել