ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»,-նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ժամը 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը:
Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: