Նախատեսվում է ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ 2025 թվականի հունվարի 1-ից ունենալ գույքի գնահատման միասնական շուկա

Քիչ առաջ օրենսդիր մարմինն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» և հարակից մյուս օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (58 կողմ, 20 դեմ, 4 ձեռնպահ)։

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովի իր ելույթում Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն ասաց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեությունը կարգավորող հիմնական օրենքն ընդունվել է դեռևս 2005 թվականին, բովանդակային փոփոխության է ենթարկվել 2010-2011թթ-ին և արդեն 10 տարի է, որևէ լրամշակման կամ փոփոխության չի ենթարկվել։

«Գնահատման մի շարք ոլորտներ դուրս են մնացել իրավական կարգավորումից, պետական և համայնքային բյուջեների համար էական նշանակություն ունեցող որոշ գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ սահմանված չէ, ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ որևէ նվազագույն պահանջ, որակավորված գնահատողների գիտելիքների և ունակությունների կատարելագործման պահանջներ չկան, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցրել է ոլորտի նկատմամբ վստահության նվազմանը»,-փոփոխությունների հրատապությունը ներկայացրեց Արման Պետրոսյանը։

Առաջարկվող փոփոխություներով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում ազատականացնել գնահատման ոլորտի ծառայությունները և արդեն 2025 թվականի հունվարի 1-ից ունենալ գնահատման միասնական շուկա։ Ծրագրի շրջանակում գույքի այլ տեսակների գնահատման իրավական կարգավորման իրականացումը նաև ԵԱՏՄ միության պահանջն է։

ՀՀ որակավորված գնահատողները հնարավորություն կստանան ԵԱՏՄ տարածքում, բացի անշարժ գույքից, իրականացնել նաև գնահատման այլ օբյեկտների գնահատում։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը, որոշակի նվազագույն պահանջներ սահմանել գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար և մի շարք այլ կարևոր փոփոխություններ։

Զեկուցողը նաև նշեց, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը և իսկ փաթեթի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտի թափանցիկության ավելացմանը, գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը, և այդ ոլորտի նկատմամբ վստահության աճին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել