ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից գործարկում է աշխատանքային իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am հարթակը։
«Դրա հիմնական նպատակն է՝ ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգը:
«2021 թվականը մենք հայտարարում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի։ Բողոքների ընդունման էլեկտրոնային հարթակի գործարկմամբ՝ մենք նպատակ ունենք բարձրացնել Տեսչական մարմնի նկատմամբ վստահությունը, բողոքաբերների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանց համար ավելի հարմար լինի Տեսչական մարմին ներկայացնել աշխատանքային իրավունքին վերաբերող խնդիրները, և երրորդը, որն ինձ համար շատ կարևոր է, ունենալ ավելի հստակ վիճակագրություն՝ բողոքների տեսակների վերաբերյալ»,- նշում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
EmployeeProtect.am-ն աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված հարթակ է, որտեղ աշխատողները կարող են դիմում-հայտ ներկայացնել Տեսչական մարմնին։
Դիմումին կարելի է կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացույցներ։ Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատողներ, որոնք Հայաստանում աշխատանքային իրավունքի ոլորտում առնչվել են խնդիրների:
Նախատեսվում է, որ հետագայում կգործարկվի նաև հարթակի անանուն դիմումներ ներկայացնելու գործիքը, որով հնարավոր կլինի դիմումն ուղարկել անանուն, պաշտպանված IP հասցեից։
Հարթակը հասանելի է նաև mobile տարբերակով, ինչպես ներբեռնելու, այնպես էլ առցանց օգտագործելու միջոցով։
Հարթակի միջոցով Տեսչական մարմինը նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ աշխատողների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա հատկորոշում և իրականացնում է փաստարկված բարեփոխումներ, աշխատողներին իրազեկում է աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտի վերջին նորությունների մասին:
Նշենք, որ EmployeeProtect.am hարթակը պատրաստվել է «COVID-19 և կայունություն Հայաստանում. մեղմացնելով սոցիալ – տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։