Ինչպե՞ս ընտրել ամենահարմար վարկը․ պարզաբանում

Շատերին է հետաքրքրում, թե ինչպես պետք է ընտրել ամենահարմար վարկը։ Այս դեպքում չկան ընդհանուր խորհուրդներ, որոնք կարող են վերաբերել բոլորին, քանզի վարկի ընտրությունը սուբյեկտիվ քայլ է և կախված է ձեր վիճակից, նախընտրություններից: Սակայն կան որոշ քայլեր, որոնք ձեզ կօգնեն հնարավորինս քիչ ծախսով ընտրել արդյունավետ վարկ:

Քարտերի հետ կապված մի շարք կանոնների մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից։

«Համոզվե՛ք, որ եկամուտ-ծախս հարաբերակցությամբ հարմար վարկ եք ընտրում, այսինքն՝ այդ վարկի մարման համար ավելի շատ գումար ու ջանք չեք ծախսի, քան հետագայում կստանաք դրա դիմաց արդյունք, օգուտ: Ասենք՝ 10 տարով ավտովարկ վերցնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանզի այդ մեքենան 5 տարի հետո կարող է արդեն վատ աշխատել, իսկ դուք դեռ 5 տարի պետք է վարկը մարեք: Համեմատե՛ք վարկերը ոչ միայն անվանական, այլ նաև փաստացի տոկոսադրույքներով, որպեսզի պատկերացում ունենաք նաև սպասարկման վճարների, այլ գանձումների վերաբերյալ:

Ընտրե՛ք ավելի քիչ ծախսատար վարկը:

Ստուգե՛ք՝ որո՞նք են այն ծախսերը, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ծանոթացե՛ք գրավի/երաշխավորության պահանջներին. արդյոք համաձա՞յն եք գրավադրել պահանջվող գույքը կամ ունե՞ք երաշխավոր: Որոշե՛ք, թե որ արժույթով եք վերցնելու վարկը (սկզբունքին ծանոթացեք վարկի տեսակները բաժնում): Ստուգե՛ք՝ հետևյալ սխեմաներից որո՞վ եք մարելու վարկը. Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման սխեմա, որի դեպքումք յուրաքանչյուր ամիս հավասարաչափ եք մարում մայր գումարը, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս պարագայում վճարվելիք ընդհանուր գումարը հետզհետե պակասում է, աստիճանաբար ավելի քիչ տոկոսագումարներ եք վճարում: Հավասարաչափ վճարումներով վարկի մարման սխեմա, որի դեպքում վարկի մարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս կատարում եք միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսներ): Այս պարագայում դուք ավելի շատ տոկոսագումար եք վճարում, սակայն այս մեթոդն ավելի շահեկան է ծախսերի պլանավորման տեսանկյունից, քանզի ամեն ամիս միևնույն գումարն եք վճարում:

Վարկի մարում ժամկետի վերջում: Սա ավելի քիչ հանդիպող սխեմա է, որը ենթադրում է կամ վարկի ժամկետի ընթացքում տոկոսագումարների մարում, ապա, ժամկետի վերջում, մայր գումարի մարում (հանդիպում է ուսանողական վարկերի դեպքում), կամ և՛ տոկոսագումարների, և՛ մայր գումարի մարում ժամկետի ավարտին: Այս սխեման ձեզ հարմար կլինի, եթե նախատեսում եք մեծ եկամտի ստացում վարկի ժամկետի ավարտին: Որոշեք, թե որ արժույթով եք վերցնելու վարկը (սկզբունքին ծանոթացեք այստեղ): Ընտրություն կատարելուց առաջ կարող եք ձեզ տրամադրված հնարավոր եղանակներով համեմատել վերոնշյալ պայմանները, ընտրել ամենահարմար տարբերակը: Դրանք են՝ Ֆինանսական տեղեկատույում մուտքագրելով ձեզ անհրաժեշտ վարկի տվյալները (գումարի չափ, ժամկետ, մարումների եղանակ և այլն)՝ կստանաք տարեկան փաստացի տոկոսադրույքով ամենաէժանից մինչև ամենաթանկ տարբեր վարկերի առաջարկները:

Բանկերը, վարկային կազմակերպություններն իրենց առաջարկած սպառողական վարկերի և վարկային գծերի համար սպառողներին են ներկայացնում ընդհանրական թերթիկներ. դրանք վարկերի վերաբերյալ տեղեկատվությունների ամփոփ թերթիկներ են, որտեղ նշված է տրամադրվող վարկերի վերաբերյալ կարևորագույն տեղեկատվությունը՝ անվանական և փաստացի տոկոսադրույքը, գրավի/երաշխավորության պահանջը, տույժերը, տուգանքները և այլն: Այդ թերթիկները կազմված են միևնույն ձևաչափով, ուստի հեշտ կլինի տարբեր կազմակերպությունների թերթիկները միմյանց հետ համեմատելը և ձեզ համար ամենահարմար տարբերակն ընտրելը: Ֆինանսական կառույցների կայքէջերում հրապարակվում են վարկերի վերաբերյալ առաջարկներ, որոնք համեմատելով՝ կարող եք որոշում կայացնել»,-նշված է պարզաբանման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել