Խարդախության հերթական դեպքը՝ տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է․

«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 15.364.800 դրամ գումար:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Հետաքննության փուլում կատարվել են են առգրավումներ, խուզարկություններ, իրականացվում են անհետաձգելի դատավարական գործողություններ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել