Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Հովսեփ Բեդևյանին. «2019 թվականի մայիսի 20-ին գործադիրի ղեկավարը ազդարարեց հայկական հեղափոխության 2-րդ ամենակարևոր փուլի մեկնարկը` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերը և ելքերը: Այդ ժամանակ լինելով դատական իշխանության ներկայացուցիչ ինչպիսի՞նն էր ձեր արձագանքը»:
Հովսեփ Բեդևյանը նշեց, որ դա քաղաքական գործընթաց է եղել, որին դատավորները չեն կարող արձագանքել:
«Կաշկանդված ենք դատավորի վարքագծի կանոններով: Ցանկացած գործընթաց կարող է դառնալ իրավական վեճ, և այդ վեճը քննող դատավորը կարող ես լինել դու, դրա համար էլ այդ սահմանափակումները նախատեսվել են»,-ասաց նա: