Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ պաշտոնյայի կողմից որդու շիրմաքարի մոտ թողնված շքանշանի մասին

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ԶԼՄ-ներ, լրագրողներ,

Պաշտոնյան, ով «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ» շքանշանը թողել էր որդուս՝ Ալբերտի շիրմաքարին, ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած մեր եղբայրներին, ցանկացել էր չբացահայտել իր անձը։

Ուստի, խնդրում եմ և հորդորում, եթե անգամ ձեզ հաջողվել է, ըստ նամակում գրված անուն, ազգանունի առաջին տառերի (շքանշանին կից գրության մեջ ստորագրված էր Ա.Ս.) վերծանել ու բացահայտել տվյալ անձին, պարզաբանումներ անելու նպատակով մի անհանգստացրեք նրան: Գրության մեջ հստակ նշված էր այդ քայլին գնալու մարդկային ու զգացմունքային դրդապատճառները։

Ինքս էլ, պետական պաշտոնյայի անհայտ մնալու որոշումը հարգելով, ոչինչ չեմ մեկնաբանելու»:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի» շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին: Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է պատերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած: Որ այսօր իրենց կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են անմահանում: Բայց այս համատարած խավարում, տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը, կրկին արժեւորեց մեր Հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը»,-ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել