Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Այսօր` սեպտեմբերի 12-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն  նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը:

Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Ինչպես արդեն հայտնել էինք, աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ սեպտեմբերի 13-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել